2014 թ. փետրվարին՝ հունվարի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.2% գնանկում. տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը: Պարենային ապրանքների գները նվազել են 1.8%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0.3%-ով: Ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների ընդհանուր մակարդակի 0.5% նվազում: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում գնանկման ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Երևանում և Հրազդանում:
Պարենային ապրանքների գնանկման վրա անմիջական ազդեցությունն է թողել մրգի` 8.2%, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի` 7.7% գնանկումը: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 11-ում գրանցվել է 8.2-0.2% գնանկում, իսկ 2-ում` 0.1-1.0% գնաճ: Մրգի ապրանքախմբում 2014թ. փետրվարին 2013թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 6.0%, իսկ 2013թ. հունվարի համեմատ` 8.2% գնանկում: Նվազել են խնձորի, խաղողի, նարնջի, ադամաթզի, տանձի, նռան, մանդարինի, արքայախնձորի գները, իսկ կիտրոնի գինը բարձրացել է: Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2014թ. փետրվարին 2013թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 7.6% գնաճ, իսկ 2014թ. հունվարի համեմատ` 7.7% գնանկում: 2014թ. փետրվարին՝ հունվարի համեմատ, նվազել են ճակնդեղի, գազարի, խառը կանաչեղենի, սնկի գները, իսկ կարտոֆիլի, կանաչ պղպեղի, սխտորի, բողկի գները բարձրացել են: Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2014թ. փետրվարին՝ հունվարի համեմատ, արձանագրվել է մսամթերքի 2.3-0.1% գնանկում, ձվի՝ 0.7% գնանկում, հրուշակեղենի` 0.7%, շաքարավազի 0.5%, հացամթերքի` 0.4%, ձկնամթերքի` 0.3%, այլ մթերքի` 0.3%, ոչ ոգելից խմիչքի` 0.2% գնանկում: